ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար. Արտակ Բեգլարյան

ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանն ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։

«Խայտառակ հայտարարություն է, ԱԳՆ-ն արձանագրում է, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա արցախցիների իրավունքների պաշտպանության հարց: ԱԳՆ-ն փորձում է մեղքը գցել բոլորի վրա և ոչ մի պատասխանատվություն չվերցնել: Արցախյան շարժումը որևէ մեկը չի կարող փակել, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, Արցախյան շարժման առաջին շահառուն Արցախի ժողովուրդն է: Խիստ անցանկալի ու դատապարտելի է, որ ՀՀ իշխանությունները բոլոր միջոցները կիրառում են Արցախյան հարցը փակելու համար: Հնարավորինս լայն համախմբում պետք է լինի Արցախյան օրակարգի շուրջ և իշխանությունների վրա մեծ ճնշում պիտի լինի, որ հանցավոր քայլեր չանեն Արցախյան հարցը փակելու ուղղությամբ»,- ասաց Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասվում էր. «Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։