Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ․ Հաջիև

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ․ Հաջիև

Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

The Washington Times-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցուցաբերել է «խաղաղության օրակարգին բարձր նվիրվածություն» և ակտիվորեն աջակցել է ադրբեջանա-հայաստանյան կարգավորմանը։

«Դոնալդ Թրամփի արագ արձագանքը և գործընթացին նրա լիարժեք ներգրավվածությունը արժանի են բարձր գովասանքի»,-հավելել է նա։

Հաջիևը նշել է, որ 907-րդ բաժնի պահպանումը խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ուղղությամբ առաջընթացին։ Նա նշել է, որ երկու երկրներն էլ լուրջ ջանքեր են գործադրում խաղաղությունն ամրապնդելու համար, սակայն ԱՄՆ Կոնգրեսում որոշակի նախաձեռնություններ ավելորդ են և բաժանարար։ Նա նաև ընդգծել է, որ Բայդենի և պետքարտուղար Բլինկենի վարչակազմերի օրոք երկու կողմերի միջև առաջացել են բազմաթիվ թյուրըմբռնումներ, որոնք զգալիորեն վնասել են հարաբերությունները։

Հաջիևը նաև նշել է, որ Բաքուն հետևողականորեն ամրապնդում է իր տնտեսական փոխկախվածությունը Երևանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի արտահանմանը հայկական շուկա։ «Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց այն ունի լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ։ Մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի հետ», - ընդգծել է նա։

Նախագահի օգնականը նաև նշել է, որ Ադրբեջանի կրոնական բազմակարծության մոդելը երկիրը դարձնում է Արևմուտքի բնական գործընկեր անկայուն տարածաշրջանում: «Հրեական և քրիստոնեական համայնքները դարեր շարունակ ապրել են այստեղ մուսուլմանների հետ կողք կողքի: Սա մեր ավանդույթն ու ինքնությունն է: Մենք վճռականորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին և զգում ենք Թրամփի վարչակազմի լիակատար աջակցությունը», - հայտարարել է Հաջիևը: