Բանական միտք չէ այն, որ եթե մեր երկրի սահմանները բացում ենք, ապա կախման մեջ ենք ընկնում Ադրբեջանից, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին:
«Եթե էդքան լավ բան է փակ սահմանը, կներեք, եկեք էն երկու սահմանն էլ փակենք: Սա աբսուրդ է: Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել էին, որպեսզի Հայաստանը տնտեսապես չզարգանար, որպեսզի իրենք կարողանային իրենց խնդիրները լուծել: Սա մեր դիվերսիֆիկացիայի և քաղաքականության, և ռազմավարության հետ է կապված: Մենք հիմա ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք ոչ թե, այսպես ասած, աշխարհից պետք է կախված լինենք մեկ հաստ պարանով, այլ պայմանական, ավելի բարակ 100 պարանից»,- ասաց նախարարը:
Ըստ Պապոյանի՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ճամփա ընկած հացահատիկն առաջին ծիծեռնակն է:
«1,000 տոննա ռուսական և 1,000 տոննա ղազախական ցորենը մասնավորն է գնել: Սա պետական գնում չէ: Մասնավորը գումարը փոխանցել է Ռուսաստան և Ղազախստան, էնտեղ բարձել են իր ցորենը և այն հասնում է Հայաստան»,- ասաց Պապոյանը: