FIP.am-ը գրում է․
Այսօր Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ընկերությունը գործում է ընդամենը 2․5 ամիս, ունի 1 աշխատող և ժամկետանց հարկային պարտավորություն։
«Ըստ Պետական ռեգիստրում ներկայացված տվյալների՝ ընկերության համասեփականատեր են Լուսինե Սամվելի Ալեքսանյանը և Արմեն Արթուրի Աղաբաբյանը։ Ընդ որում, Արմեն Աղաբաբյանը ընկերության վկայականի քաղվածքում գրանցված է որպես գործադիր մարմնի ղեկավար՝ 0․0007 տոկոս և 5000 դրամ բաժնեմասով։
Վերջինը Լուսինե Ալեքսանյանի ամուսինն է։
Լուսինե Ալեքսանյանը ընկերության 99․9 տոկոսի բաժնետեր է՝ 687,5 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Ըստ ռեգիստրի՝ նա գրանցված է Երևանում։ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն, նույն հասցեում Լուսինե Ալեքսանյանից բացի, գրանցված է ևս 13 քաղաքացի։ Ընդ որում, հաշվառված որոշ անձանց տվյալներն ուղղակիորեն փոխկապակցված են գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։ Մասնավորապես, այդ նույն հասցեում է հաշվառված նաև Սոֆիա Լիմինդրի Ալեքսանյանը, որը Սամվել Ալեքսանյանի քույրն է։