news-details
Քաղաքականություն

12 մլն աշխատավարձ ստացող դատավորը տան վարձի գումար էլ է ստանում պետությունից

 

ArmLur.am-ը օրերս հրապարակել էր Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը կայացրած դատավոր Ժենյա Մելիքսեթյանի ունեցվածքը, որտեղ մանրամասն ներկայացված էր դատավորի հայտարարագիրը։ Բանն այն է, որ հաշվետու տարվա եկամուտներում հետաքրքիր մի կետ կա։

«Դատավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 84 մլն 426 հազար դրամ, որից 12 մլն 824 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ Դատական դեպարտամենտից, 474 հազար դրամը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային բաժնից։ Եկամուտներից 24 մլն 885 հազար դրամը Մելիքսեթյանը հայտարարագրել է որպես գույքի օտարումից ստացված գումար, սակայն անշարժ գույքի օտարման բաժնում վաճառքից ստացված գումարը կազմել էր ոչ թե 24 մլն, այլ 28,7 մլն դրամ։ Արդյոք սա վրիպա՞կ է, թե՞ դիտավորություն. կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հաանձնաժողովը։

ArmLur.am-ը պարզեց, որ Դատական դեպարտամենտը վարձակալության դիմաց Ժենյա Մելիքսեթյանին վճարել է 680 հազար 645 դրամ, այսինքն՝ դեպարտամենտը վարձակալել է դատավորին պատկանող տարածք»:

ArmLur.am-ը դիմել էր Դատական դեպարտամենտ, որտեղից մեզ փոխանցեցին, որ նշված 680 հազար 645 դրամը Դատական դեպարտամենտը դատավորին հատկացրել է համաձայն «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի, այն է՝ «Իր մշտական բնակության վայրից դուրս աշխատանքի նշանակվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում է իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման հետ կապված ծախսերի, ինչպես նաև բնակարանային վարձի փոխհատուցում: Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին, կառավարության սահմանած չափերով և կարգով, վճարվում են գործուղման ծախսեր»:

Ստացվում է, որ տարեկան 84 մլն դրամ եկամուտ ունեցած դատավորը, որի ամսեկան աշխատավարձը 1 մլն դրամ է, ամսական մոտ 57 հազար դրամ էլ բնակարանի վարձակալության գումար է ստացել պետությունից։

Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1500169/