news-details
Քաղաքականություն

50 մլն դրամ` Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության փոխարինման համար

Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

«Տոնածառի հիմնակմախքը լավ վիճակում է, բայց ճյուղերը մասնակի մաշված են և ամբողջությամբ կփոխարինվեն։ Կթարմացվի նաև լուսավորությունը՝ լուսափնջերը ու լուսավորող վահանակները, որոնք ժողովուրդը «պուլտեր» է անվանում», - պարզաբանեց Առաքելյանը։

 

Նա նշեց, որ աշխատանքներն այս տարի մեկնարկել են սովորականից 5 օր շուտ, որպեսզի ժամանակին ավարտեն կառուցվածքի մոնտաժումն ու թարմացումը, ինչպես նաև, նախքան նոր տարրերի տեղադրումը, նախապես գնահատեն հիմնակմախքի վիճակը: Մետաղական կոնը հավաքելուց հետո կսկսվի ճյուղերի հավաքումը, ապա՝ խաղալիքների և ծաղկեշղթաների տեղադրումը:

Աշխատանքներն իրականացնում է քաղաքապետարանին ենթակա կոմունալ ընկերությունը, քանի որ կառույցի հավաքումը պահանջում է հատուկ հմտություններ և տեխնիկա: Քաղաքի ձևավորման և տոնածառի տեղադրման ամբողջական գործընթացը կտևի մինչև 45 օր: Երթևեկությանը չխանգարելու համար հիմնական աշխատանքները կիրականացվեն գիշերը՝ ժամը 23:00-ից հետո։

Ներկայիս տոնածառը բերվել է Ռուսաստանից 2018 թվականին։ Թե որտեղից կգնվեն նոր ճյուղերը՝ առայժմ հստակ չէ։ Ընդ որում, հները նախատեսվում է օգտագործել քաղաքի վարչական շրջանների տոնածառերը զարդարելու համար։ Ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեից, իսկ աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել դեկտեմբերի կեսերին:

Պատասխանելով պատմական շենքերի վրա ամանորյա լուսափնջեր տեղադրելու հետ կապված՝ սոցիալական ցանցերում հնչող քննադատություններին՝ Առաքելյանը նշեց, որ միջամտությունը նվազագույն է և իրականացվում է մասնագետների հսկողությամբ:

«Յուրաքանչյուր լուսափնջի ամրացման համար պահանջվում է ընդամենը մեկ անցք, որը հաճախ նոր չէ, այլ՝ նախկին տեղադրումներից մնացած։ Ապամոնտաժումից հետո անցքերը փակվում են հատուկ նյութերով՝ ճակատամասերի ամբողջականությունն ու արտաքին տեսքը պահպանելու համար», - ընդգծեց նա։

 

Քաղաքապետարանը հստակեցրեց, որ լուսային փնջերի տեղադրման համար օգտագործվում է թեթև մետաղական կառուցվածք, որը պատերի վրա ամրացվում է ընդամենը 3-5 կետերում: Դրանցից կախվում են լուսափնջերը, ապամոնտաժումից հետո կառուցվածքը խնամքով հանվում է, իսկ շենքերի մակերևույթը՝ վերականգնվում։