news-details
Քաղաքականություն

7 տարի է՝ չգիտեմ, թե իրավապահ համակարգը, ՀՀ իշխանությունն ի՞նչ է ուզում ինձնից. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ունեցած ելույթում անդրադարձել է իր դեմ առաջադրված մեղադրանքներին՝ ընդգծելով, որ դրանք իրավական հիմքեր չունեն։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ մեղադրանքի կողմը կասկածի տակ է դրել նաև արտակարգ ռեժիմի անհրաժեշտությունը, Քոչարյանը նշեց, որ մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանումը, Սահմանադրությամբ նախատեսված է, որ նախագահը կարող է անմիջական վտանգի պարագայում, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ։

«Մենք խորհրդակցել ենք թե՛ ԱԺ նախագահի, թե՛ վարչապետի հետ։ Ուղերձներ են եղել։ Կա նաև ԱԺ-ի հաստատած 24-ժամյա ռեժիմով օրենքի ուժով հանգամանք։ Հիմա ի՞նչ են ուզում ինձնից այս հանրապետության իշխանությունները։ Արդեն յոթ տարի է՝ ես չգիտեմ, ինչ է ուզում իրավապահ համակարգը, դատախազությունը ինձնից»,– ասաց Քոչարյանը։

Նա նաև շեշտեց, որ մեղադրանքների հիմքում դրված է Արցախից զինծառայողների տեղափոխման հարցը, որն իր բնույթով նաև քաղաքական շեշտադրում ունի։

«Այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Ֆորմալ առումով այն դեռ գտնվում է գաղտնիության ռեժիմի տակ։ Բայց իրականում գաղտնիք է միայն հայ ժողովրդից։ Ադրբեջանում այդ տեղեկությունները արդեն հայտնի են։ Եթե դատարանը որոշի, ես պատրաստ եմ փակ նիստում մանրամասնել»,- նշեց նախկին նախագահը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը անցնում է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։