news-details
Քաղաքականություն

Ադրբեջանից ՀՀ–ի մասին անընդունելի ձևակերպումներն օգոստոսի 8–ից հետո նվազել են. Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանի խոսքով` պետք է առաջ գնալ, քանի որ դա է պահանջում խաղաղության ամրապնդումը։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կլինեն խնդրահարույց հարցեր ու հայտարարություններ, սակայն պետք է կենտրոնանալ իրական ձեռքբերումների վրա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, թե իբր 20-րդ դարի սկզբին Ցարական Ռուսաստանի քարտեզներում Հայաստանի ներկայիս տարածքում տեղանունների մեծ մասն ադրբեջանական ծագում ունեն։

 

«Ադրբեջանից հնչող հայտարարությունների շեշտադրման որոշակի փոփոխություն տեսնում ենք օգոստոսի 8–ից հետո, իհարկե, չենք կարող ասել, թե չեն լինում հայտարարություններ, որոնք համարում ենք ապակառուցողական։ Մենք կարծում ենք, որ եթե հետ գնանք, տեղանունների իմաստով ամենևին մեզ համար ոչ շահեկան վիճակ չենք տեսնի, բայց հետ գնալ պետք չէ, պետք է գնալ առաջ. դա է խաղաղության ամրապնդման և պահպանման ձևը»,– ասաց նա։

 

Դիտարկմանը, որ Հայաստանից հնչող խաղաղության հաստատման կոչերին զուգահեռ ադրբեջանական տարբեր օղակներ չեն դադարում ՀՀ–ի մասին խոսելիս «Արևմտյան Ադրբեջան» տերմինն օգտագործել, ավելին՝ 2022–ին Ալիևը ասել էր, որ «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ներքո ապահովելու է ադրբեջանցիների վերադարձը, Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց՝ ասելով, թե ինքն անգամ չի կրկնի այդ անընդունելի տերմինը։

 

«Օգոստոսի 8–ից հետո ես չեմ նկատել այդ անընդունելի տերմինի օգտագործումը և այդ առումով այլ իրավիճակ է։ Պետք չէ բերել փաստարկ 2022 թվականի մասին, պետք է բերել փաստարկ օգոստոսի 8–ից հետոյի մասին»,– շարունակեց Ռուբեն Ռուբինյանը։

 

Որպես հայկական կողմի խաղաղասիրության ընդառաջ ադրբեջանական կողմից արված քայլ՝ Ռուբեն Ռուբինյանը նշեց ռուսական ցորենի՝ ադրբեջանական տարածքով ՀՀ ներմուծումը։ ԱԺ փոխխոսնակը նաև պատասխանեց 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին՝ ասելով, թե դեռևս պաշտոնական հաստատում չկա։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ռուսական կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա, և որ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիները պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով:

 

Նոյեմբերի 4–ին «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ լրագրողն իրեն բարդ դրության մեջ է դնում: