news-details
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը և Վահագն Ալեքսանյանը ստում են․ ես որևէ միջադեպի մասնակից չեմ եղել․ Դավիթ Համբարձումյան

Ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան, որ Ալեն Սիմոնյանը և Վահագն Ալեքսանյանը ստում են, ես որևիցե միջադեպի մասնակից չեմ եղել, և որևէ ձայնագրություն կամ տեսաձայնագրություն չկա, որտեղ ես նման գործողություն եմ անում։ Այս մասին Մոսկվայում հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ալեն Սիմոնյանը և Վահագն Ալեքսանյանը խոսում են ինչ-որ տեսանյութի մասին, որտեղ ինքը ինչ-որ ցուցարարների է ծեծում։

«Եթե Ալեն Սիմոնյանը երեք օրվա ընթացքում չտարածի որևէ տեսաձայնագրություն, որտեղ ես նման գործողություն եմ անում, ապա ուզում եմ, որ իմ հայրենակիցները իմանան, որ նա հերթական անգամ մանիպուլացնում է, և մենք գործ ունենք հստակ քաղաքական հետապնդման հետ»,-նշել է Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանն օրեր առաջ (դատավոր Ժ. Չիչոյան) Դավիթ Համբարձումյանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Նա այժմ աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում և վաղը վերադառնալու է Երևան։

2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին, Գևորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել: Բայց դատարանը որոշել էր Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ էին արձակվել: Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ: