ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ որոշ հարցադրումների, ապա անդրադարձավ երեկ և այսօր տեղի ունեցած քննարկումներին և դրանից իր հետևություններին:
Ելույթի սկզբում Ռուբինյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության գործընկերների՝ իր հասցեին հնչած քննադատություններին ու բռնաճնշումների մասին մեղադրանքներին:
«Պարոն Մանուկյանը (Մեսրոպ Մանուկյան՝ «Հայաստան» խմբակցություն - խմբ.) և տիկին Գրիգորյանը («Հայաստան» խմբակցության ղեկավար - խմբ.) ինձ մեղադրում են նրանում, որ իմ եղբայրն աշխատում է առևտրային բանկում: Ես դրանից ավելի աբսուրդային մեղադրանք կյանքումս լսած չկամ: Իմ եղբայրը՝ Լևոնը, արդեն 19 տարի աշխատում է բանկային համակարգում: Հիմա մեղադրանքը ո՞րն է՝ որ աշխատել է մի բանկում, հետո գնացե՞լ այլ բանկ:
Է հա, իմ եղբայրը աշխատում է 25 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային բանկում, Մեսրոպ Մանուկյանի կինն էլ 100 տոկոս պետական մասնակցությամբ Ազգային ժողովում: Ե՞վ, որն է ձեր տրամաբանությունը:
Ամենայն հարգանքով, բայց ամոթն էլ է լավ բան: Ձեր խմբակցության առաջնորդից, իր ընտանիքից դատախազությունը որպես ապօրինի գույք պահանջում է բռնագանձել 200 միլիոն դոլար: Պարոն Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի տղան, եթե չեմ սխալվում, 21 տարեկանում միլիոնատեր է եղել, եթե սխալվում եմ, կներեք, բայց գիտեմ, որ երիտասարդ տարիքում միլիոնատեր է եղել:
Քավ լիցի, ուրախ եմ ձեզ համար, բայց մի քիչ անտրամաբանական է, որ գալիս ասում եք՝ պարոն Ռուբինյան, ինչի է ձեր եղբայրը աշխատում բանկում: Է, լավ է անում»,- ասաց Ռուբինյանը:
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության որոշմանը՝ չմասնակցել իր ընտրության հարցով փակ՝ գաղտնի քվեարկությանը, Ռուբինյանը դիմեց Աննա Գրիգորյանին՝ ասելով, թե վստահ չեն, թե քվեարկության ընթացքում չի պարզվելու, որ խմբակցության պատգամավորներից ոմանք իր օգտին են քվեարկելու, այդ թվում՝ նա:
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի մեղադրանքներին՝ կապված լրագրողների իրավունքների սահմանափակման հետ, Ռուբինյանը վստահեցրեց՝ որևէ սահմանափակում չկա:
«Որևէ նոր սահմանափակում չի մտցվել և չի մտցվելու»,- պարզաբանեց ԱԺ նախագահի թեկնածուն: