news-details
Քաղաքականություն

«Արևմտյան Ադրբեջանը ավելի շատ ՀԿ է, մշակութային ժառանգությանն է վերաբերում»․ ադրբեջանցի փորձագետ

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ երկօրյա «Ռոուզ-Ռոթ» սեմինարից հետո Երևանում ադրբեջանցի փորձագետ, Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն Մուրադ Մուրադովը պատասխանել է լրագրողների հարցերին։

Նա անդրադարձավ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրին։ Հարցին, թե ինչու Վաշինգտոնում երկու երկրների միջև պայմանագիրը ոչ թե վերջնական ստորագրվեց, այլ նախաստորագրվեց, ըստ փորձագետի՝ չնայած երկու երկրները միմյանցից տարածքային պահանջներ չունեն, ՀՀ Սահմանադրությունն այլ բան է ասում․ «Այդպես ստեղծվում է պոտենցիալ իրավական հիմքեր խաղաղության պայմանագրի չստորագրման համար»,–նշել է փորձագետը։

Ադրբեջանի սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին փաստը փորձագետը հերքում է, իսկ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վերաբերյալ Մուրադովը ընդգշեց․

 «Արևմտյան Ադրբեջան ասելով մենք նկատի ունենք, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում ենք և հարգում ենք։ Արևմտյան Ադրբեջանը ավելի շատ ՀԿ է, որը սպասարկում է ժողովրդի շահերը։ Դա ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, որովհետև մարդիկ երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում, և ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն»։

Ռազմագերիների վերադարձման մասին փորձագետը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ դեռևս քննություն է ընթանում, կան մեղադրյալներ, որոնք օրենք են խախտել, այդ պատճառով էլ Բաքվում են պահվում։

Ըստ Մուրադովի` երկու երկրների հարաբերություններում դրական փոփոխությունները ժամանակ են պահանջում։ Նա կարևորեց երկու ժողովուրդների՝ հակամարտությանը դեմ լինելը և  հարաբերությունների նորմալացման գործընթացի պատրաստակամությունը։