news-details
Հասարակություն

Արմավիրում բանակի քեֆն ավարտվել է կրակոցներով․ 17-ամյա տղան կրակել է հոր ատրճանակից

Հուլիսի 20-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Պարզվել է, որ ժամը 17։00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Ջ. Տ.-ն Գայ գյուղում գտնվող «Էլինար» ռեստորանային համալիրում, մասնակցելով ազգականի բանակից վերադառնալու կապակցությամբ կազմակերպված խնջույքին, իր հայրիկին պատկանող «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից վերցրել է վերջինիս պատկանող ատրճանակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անչափահասը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, խախտել է մարդկանց անդորրը և հասարակական նշանակության օբյեկտի բնականոն աշխատանքը՝ մի քանի անգամ կրակոցներ արձակելով դեպի օդ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից հուլիսի 20-ին Ջ. Տ.-ն հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ փաստերի ճնշման տակ խոստովանել է իր կողմից կատարված արարքը։

Նշված ատրճանակը Արման Տ.-ն ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն, իսկ վերոնշյալ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։