news-details
Հասարակություն

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սիսակյան փողոցի բարձրահարկ շենքի 8-րդ հարկից վերելակը պոկվել է և հայտնվել հորանում. 4 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Դավիթ Ավագյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիսակյան փողոցի 22 հասցեից «Արմենիա» ԲԿ է տեղափոխել ՌԴ քաղաքացի 39-ամյա Սերգեյ Գ.-ին, Երևանի բնակիչ 60-ամյա Նարինե Ա.-ին, 50-ամյա Մերի Հ.-ին և 43-ամյա Սաթենիկ Հ.-ին։

Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։