Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները դժվար է հիմա կանխատեսել։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ 2-րդ նախագահի՝ Սամվել Կարապետյանը ունի բոլոր հնարավորությունները քաղաքական դաշտ մտնելու համար․
«Այդ ծավալի բիզնես զրոյից կառուցելը նշանակում է, որ մարդը կառավարման շնորհք ունի, հոտառություն ունի, կարողանում է մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ ստեղծել, այս ամբողջը հմտությունների փունջ է, որը պետք է ունենա մարդը՝ այսպիսի հաջողությունների հասնելու համար։ Ճիշտ է Սամվել Կարապետյանը քաղաքական գործունեության փորձ չունի, բայց շատ մեծ համակարգեր կառավարելու փորձ ունի, ես ենթադրում եմ, որ կստեղծեն քաղաքական թիմ և այն կլրացնեն այն մարդկանցով, որ որոշակի փորձ ունեն»,-ասաց Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի՝ ընտրողների 50 տոկոսը այսօր հիասթափված է իշխանություններից և հասարակությանը պետք է նոր ուժ։
«Սամվել Կարապետյանը մտնելով քաղաքականության մեջ ըստ էության այդ պահանջարկը զգալի մասով փակում է․ նոր դեմք, բարի համբավ, դրական ընկալում, սրանք շատ լավ տվյալներ են նոր քաղաքական ուժ ձևավորելու համար, մնացածը կապված է ինչպես կաշխատեն։ Այսօր, ըստ էության, քաղաքական դաշտում կա 2 մեծ միավոր՝ մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող քաղաքական ուժն է, որի ծավալները դժվար է հիմա կանխատեսել»,-ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դեմ հարուցավծ քրեական գործին՝ Քոչարյանն ասաց․ «Այն ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է բարեգործի, գործարարի նկատմամբ։ Սա հարված է բարեգործությանը՝ որպես հանրային ինստիտուտի։ Եթե Քըրք Քըրքորյանը դժգոհ լիներ իմ քայլերից, մի բան ասեր իմ դեմ, պիտի կալանավորեի՞, երբ գար Հայաստան, սա հիմարության ծարյահեղ աստիճանն է։ Սամվել Կարապետյանին իր բարեգործություններով կարելի է համեմատել միայն Քըրքորյանի հետ։ Մի տարբերությամբ, որ Սամվել Կարապետյանը հազարավոր աշխատանքներ է ստեղծել։ Ավելի մեծ վնաս հասցնել Հայաստանի հանրապետությանը, դժվար է պատկերացնել»։
Անդրադառնալով պնդումներին, թե ՀԷՑ–ում ստուգումները արդեն սկսվել էին, Սամվել Կարապետյանը գիտեր, որ պրոբլեմներ է ունենալու և այս հայտարարությունը արել է, քննարկումների հունը փոխելու համար, երկրորդն նախագահն ասաց. «Ես գիտեմ, թե ինչ վիճակում են եղել բաշխիչ ցանցերը, երբ պետական էր։ Իմ ժամանակ է սեփականաշնորհվել: Խայտառակ պատկեր էր, «լույսի մարդը» ամենից կարևոր մարդն էր Հայաստանում, որովհետև տեղում ոնց ուզում անում էր։ Տասնյակ միլիոնավոր դոլարներ ամեն տարի պարտք էր կուտակվում բաշխիչ ցանցերի վրա։ Այն ժամանակ սեփականաշնորհեցինք և կտրուկ փոխեցինք իրավիճակը։
Սամվել Կարապետյանը այն մարդն է, որը հսկայական ներդրումներ է անում ոչ միայն բաշխիչ ցանցերում, նաև այլ ոլորտներում, այս վիճակը գցել մի նախադասության համար, խայտառակություն է։ Փաշինյանի ասածները որևէ հիմք չունեն, քանի որ կա հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, որը ՀԷՑ–ի այդպիսի բողոքներ չուներ։ Սա ուղղակի հաշվեհարդար է։
Միգուցե նպատակը նա է, որ գալիք ընտրությունների ժամանակ ժամանակավոր տնօրեն ունենալ ՀԷՑ–ում, և օգտագործել այդ համակարգը ընտրական նպատակների համար։ Իրենց մարդկանց տեղավորել, ՀԷՑ–ից քամել հնարավորը, նաև որպես ընտրական ռեսուրս դիտել այդ համակարգը։ Իսկ ընտրական ռեսուրսը ո՞րն է, օրինակ, ինչ-որ խոստումներ տալ, ՀԷՑ–ի հաշվին լավություն անել տարբեր բնակավայրերում քվեներ կորզելու համար։ Այ սա առարկայական մոտիվացիա կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար։
Հիմա իրենք նշանակել են կառավարիչ, բայց Սամվել Կարապետյանին ասում են՝ դու ներդրումներդ պետք է շարունակես։ Սա լրիվ կինո է։ Սամվել Կարապետյանը պետք է շարունակի ներդրումներ անել իր միջոցներից, և Ռոմանոսը պետք է այդ միջոցները տնօրինի՞։ Լո՞ւրջ, դուք հո հիմա չե՞ք, այդպես չի լինում։ Ուղղակի իմ ենթադրությունը կամ կանխատեսումը այն է, որ ուղղակի քանդելու են աշխատող համակարգը»,– ընդգծեց Քոչարյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ միջազգային արբիտրաժում իշխանությունները անպայման պարտվելու են. «Բեսպրեզելի տարբերակով են հարձակվում, սա պետական ռեկետի տպավորություն է թողնում։ Ես չեմ կասկածում, որ արբիտրաժային վեճում իրենք պարտվելու են, բայց տվյալ դեպքում պարտվելու է պետությունը»։