news-details
Քաղաքականություն

Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլև խաղաղ, իհարկե, նաև մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ. Ալեն Սիմոնյան

Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։ Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջև` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։

Այսօր մենք, առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը։ Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը և ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը։

Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաև մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ։

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ։ Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը»,- գրել է ԱԺ նախագահը: