news-details
Քաղաքականություն

Բաքվի դատարանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների գործով նիստին դատախազները ներկայացրել են մեղադրական ելույթները

Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը, հաղորդվում է, որ այսօր լսել են այսպես կոչված դատախազների մեղադրական ելույթները։

Նշվում է, որ «ապացույցներ» են ներկայացվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ` կապված 1990–ականների ազատագրական պատերազմի դրվագների հետ։

«Դատական» նիստը կշարունակվի վաղը։

Հիշեցնենք, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։