news-details
Քաղաքականություն

ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը

ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը։

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ հայտնված լուսանկարներից երեւում է, որ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի միջանցքից հեռացվել է Արցախյան հերոսամարտերի ժամանակ զոհված բժիշկների «փառքի անկյունը»։ Տարիներ շարունակ համալսարանի միջանցքում տեղակայված այդ թանգարանային հատվածը ոչ միայն հուշային նշանակություն է ունեցել, այլև հայրենասիրական եւ գիտակրթական կարևոր դեր է կատարել։

Այստեղ ներկայացված էին բժիշկների անձնական իրերը, լուսանկարներ, կենսագրություններ, նրանց մասնագիտական և մարդկային սխրանքները։ Տեղադրված էր նաև Շուշիի ազատագրման մանրակերտը՝ տանկերով եւ ուղղաթիռով՝ որպես հաղթանակի խորհրդանիշ:

«Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ վերջին շրջանում ֆակուլտետի այդ հատվածը դարձել էր ակտիվ գիտակրթական այցելությունների կենտրոն․ պարբերաբար դպրոցական եւ ուսանողական խմբեր են այցելել, ծանոթանացել պատերազմի ժամանակ զոհված բժիշկների հերոսական պատմություններին, այն անձանց սխրանքներին ովքեր կայացրել են ռազմական բժշկությունը Հայաստանում։ Համալսարանն իհարկե ունի թանգարան, սակայն տարածքը շատ փոքր է, եւ տեղ չկա ամբողջ նյութերը այնտեղ տեղադրելու համար։