«Մենք դեռ պետք է հասկանանք՝ երեխաների շահերի տեսակետից ինչքանով նպաստավոր կլինի նրանց վերամիավորումը մոր հետ: Եթե պարզվի, որ մայրն իմացել է երեխաների հոր վարքի մասին ու լռել է, սա շատ լուրջ հիմք է, որ երեխաներն այլևս չվերադառնան մոր մոտ»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՕՖ ղեկավար Միրա Անտոնյանը՝ անդրադառնալով 7 օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված Տիգրանի քրոջն ու եղբայրներին, որոնց իրենց կենտրոնում են տեղավորել։
«Եթե գործ ունենք մի մայրիկի հետ, որը ոչ միայն իր ամուսնուց չի կարողացել իր երեխաներին պաշտպանել, այլև անընդունակ է իր երեխաներին պաշտպանել այլ հարձակումներից, էլի նշանակում է՝ ճիշտ չէ, որ երեխաները վերադառնան: Իսկ եթե պարզվի, որ այս մայրիկը ինքն էլ է բռնության զոհ եղել, այսինքն՝ ամուսինը և՛ իրեն էր բռնության ենթարկում, և՛ երեխաներին, դա պատճառ չէ, որ երեխաները ընտանիքից զրկվեն»:
Տիկին Անտոնյանի խոսքով՝ Տիգրանի մահը պետք է դառնա ազդանշան հասարակության համար, որ չհանդուրժենք հաջորդ «Տիգրանի» նկատմամբ բռնությունը.
«Մեր երկրում կա հնարավորություն՝ օգնելու, որ նման դեպքեր քիչ լինեն, երեխաները նորմալ միջավայրում մեծանան: Յուրաքանչյուր ընտանիք մեր հասարակության մեջ կարող է իր մասնակցությունը բերել: Եթե կան ընտանիքներ, որոնք պատրաստ են որևէ երեխայի խնամքը հանձն առնել, պետությունը այդ ընտանիքին պատրաստ է ամսական վճարել 135.000 դրամ: Այս պահին ունենք այդպիսի 140 ընտանիք, որոնք պահում են 192 երեխայի: Մեզ ավելին է պետք, ավելի շատ ընտանիքներ են պետք»: