ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երանյան հաներգի հետ կապված քննադատություններին։
Նա, մասնավորապես, գրել է․
«Իրոք, անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը: Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի:
Այո՛, ամեն ինչի փողը կարելի է ուրիշ բանի վրա ծախսել, նույնիսկ ձեր ինտերնետի փողը, որ ամեն ամիս վճարում եք ինտերնետ ունենալու համար, կարելի է բաժանել չունևորներին կամ ուղարկել որևէ բարեգործական ֆոնդ, միևնույնն է ոչ մեկին իրակակում պետք չի ձեր ասածները: Թող ծեծված թվա, դուք չկամ, չար, նախանձ, անգրագետ կերպարներ եք: Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի, պետք է դժբախտություն լինի, որ հույզերի վրա խաղաք, պետք է երկրին վատ լինի, որ դոշ ծեծեք ու հայրենասեր խաղաք: Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք, հերի՛ք է ձեզ խելոքի տեղ դնեք՝ չհասկանալով, որ բոլորը տեսնում են ձեր հիմար ու դատարկ լինելը: Վիճել ձեր հետ նրա մասին, թե որքան կարևոր է երկրի վարկանիշի համար, տնտեսության համար նման միջոցառումները կամ պատմել, որ Երևանի և կողքի քաղաքների հյուրանոցներում ուղղակի տեղ չկա և ռեստորանները լեփ-լեցուն են, իմաստ չեմ տեսնում: Գնացեք ու շարունակեք ողբալ, չարախոսել փնփնթալ, ձեզ լսող վաղուց չկա: Հայ ազգն այլևս պետք է ուրախանա, երգի, պարի, ապրի և աշխարհի մի մաս լինի:
Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր, որ Լոպեսին վճարվելու է 1 միլիարդ դրամ՝ ավելի քան 2.5 միլիոն դոլար․ «Քանի որ հայտնի չէ՝ որքան է լինելու համերգի տևողությունը, դժվար է գնահատել՝ այս գումարն արդյոք համապատասխանում է նախկին համերգների համար վճարված հոնորարներին, թե ոչ։
Ավելի կասկածահարույց է միայն Ջենիֆեր Լոպեսի սննդի առաքման ծառայությունների համար նախատեսված գումարը՝ 14.4 միլիոն դրամ կամ 37 հազար դոլար: Նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ»։