news-details
Քաղաքականություն

Հայաստանում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները. ովքեր են մասնակցում

Այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում հերթական խորհրդարանական ընտրությունները: Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնք կփակվեն ժամը 20:00-ին, այնուհետև կսկսվի ձայների հաշվարկը:

Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը 2 մլն 485 հազար 851 է։

Հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։

Ընտրություններին առաջին համարի ներքո հանդես է գալիս «Ռեֆորմիստների» կուսակցությունը: Նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի ղեկավարած «Ռեֆորմիսների» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին։ Հիմնադրվելուց մինչ օրս այս կուսակցությունը որևէ ընտրության չի մասնակցել։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը։

«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը 2-րդ համարն է: Այս կուսակցությունը բոլորովին վերջերս է ձևավորվել, գրանցվել է մարտի 19-ին։ Նրանց նպատակը 100 օրով իշխանության գալն ու ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն է։ Նորաստեղծ ուժի վարչապետի թեկանածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է։

3-րդ համարը  «Ուժեղ Հայաստան» դաշինք է: Այս կուսակցությունը ևս նորաստեղծ է: «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերին՝ «Հայամետ» անվամբ, իսկ այս տարվա հունվարին կուսակցությունն անվանափոխվել է։ Դաշինքի վարչապետի թեկնածուն բարերար, գործարար Սամվել Կարապետյանն է։ Գործող օրենսդրությամբ, սակայն, նա չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը․ Կարապետյանը, բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն։ Կարապետյանը հայտարարել է, որ արդեն սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը 4-րդ համարն է: Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը կուսակցություն ստեղծելու մասին հայտարարեց 2024 թվականի կեսերին: Այս քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Գուրգեն Սիմոնյանն է։ Կուսակցությունը կողմ է արտահայտվում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը, առաջարկում է Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։

5-րդ համարը Փաշինյանի նախկին թիմակից, Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունն է: Վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:  2021 թվականին Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Մարությանը հեռացավ պաշտոնից՝ մեղադրելով արդեն նախկին թիմակիցներին հեղափոխության արժեքներից շեղվելու համար։ Երկրորդ անգամ Մարությանը փորձեց Երանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնել, բայց չհաջողվեց:

6-րդ համարը «Միասնության թևեր» կուսակցությունն է: 2018 թվականին հիմնադրված «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը այս տարվա ապրիլի անվանափոխվել է՝ դառնալով «Միասնության թևեր»։ Ցուցակը գլխավորում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Գործարար Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 7-րդ համարն է: 2007 թվականից խորհրդարանական ընտրություններին մշտապես մասնակցող այս քաղաքական ուժի առաջին համարը Ծառուկյանն է: Հեղափոխությունից հետո ԱԺ արտահերթ ընտրություններում ԲՀԿ-ն դարձավ խորհրդարանական ուժ, 2021 թվականին, սակայն, չհավաքեց անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ քվեները:

8-րդ համարը «Ազգային ժողովրդավարական բեվեռ» համահայկական կուսակցությունն է: «Ազգային ժողովրդավարական բևեռը» հիմնադրվել է 2020 թվականին՝ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամների կողմից: Կուսակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրել 2022 թվականից անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանին:

Ընտրապայքարին մասնակցող նորաստեղծ «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը 9-րդ համարն է: Այս կուսակցությունը  պետական գրանցում ստացել է մարտին։ Կուսակցության վարչության նախագահը Արտակ Սարգսյանն է, փոխնախագահը՝ եղբայրը՝ Արման Սարգսյանը։ Նրանք առավել հայտնի են «Արթուր Բրադերզ» անունով։ Սարգսյան եղբայրները 2000-ականների սկզբին ակտիվ տնտեսական ու քաղաքական գործունեություն են ծավալել Քենիայում։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը 10-րդ համարն է: Այս քաղաքական ուժը ձևավորվել է 2008 թվականին, կուսակցության առաջնորդը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:  2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը չհաղթահարեց անցողիկ շեմը։ Այս ընտրություններում կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է:

Ընտրություններում 11-րդ համարը Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Այս կուսակցությունը նախորդ խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը:

12-րդ համարը  2021 թվականին ստեղծված «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունն է, որի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ քաղաքագետ Լևոն Շիրինյանն է: Կուսակցությունը 2021 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցության հետ մասնակցեց «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքով։ Դաշինքը, սակայն, չհաղթահարեց անցողիկ շեմն ու չանցավ 8-րդ գումարման ԱԺ։

13-րդ համարը «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն է, որը սակայն ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցի ընտրություններին:

14-րդ համարի ներքո հանդես է գալիս «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը: Կուսակցության նախագահը քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն է։ 2021 թվականին ստեղված այս ուժի ընտրություններին մասնակցելու առաջին փորձը եղել է 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում, բայց չի հաղթահարել անցողիկ շեմը։

15-րդ համարը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունն է: Լաս Վեգասի բանտում գտնող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Կուսակացությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Իսկ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Ղուկասյանն առաջնորդում էր  «Հանրային ձայն» կուսակցությունը, որը հայտնվեց ավագանիում:

16-րդ համարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Նախընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, ով 8 տարի կառավարելուց հետո ցանկանում է 3-րդ անգամ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թ. հունիսին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացավ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների 53,9 տոկոսը:

17-րդ համարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է: Վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, որը ևս ցանկանում է 3 անգամ երկրի ղեկը ստանձնել: Նախորդ խորհրդարանական ընտրություններին այս դաշինքը դարձավ խորհրդարանական երկրորդ ամենամեծ ուժը:

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ն էլ հանդես է գալիս 18-րդ համարի ներքո: Պրոեվրոպական ուղղվածությամբ այս ուժը ստեղծվել է 2020 թվականին: Կուսակցությունը նախորդ ԱԺ ընտրություններին մասնակցում էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» կազմում, բայց խորհրդարան չանցավ: Վարչապետի թեկնածուն Արման  Բաբաջանյանն է:

Փաշինյանի իշխանության ժամանակ  Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցրած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 19-րդ համարն է: Վարչապետի թեկնածուն հենց Մարուքյանն է:  Հեղափոխությունից հետո արտահերթ ընտրություններին այս կուսակցությունն անցավ խորհրդարան, սակայն 2021 թվականի ընտրություններում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։

Այս ընտրություններին, սակայն, անցողիկ շեմերը փոխվել են: Առաջադրումներից 5 օր առաջ փոխվեց Ընտրական օրենսգիրքը: Նոր փոփոխությունների համաձայն՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանվել է 4% (նախկին 5%-ի փոխարեն), իսկ դաշինքների համար այն բարձրացել է՝ կազմելով 8% կամ 10%՝ կախված կուսակցությունների քանակից:

Նոր կարգավորումների համաձայն՝ դաշինքների անցողիկ շեմը հաշվարկվում է հետևյալ կերպ. 8 տոկոս՝ մինչև 3 կուսակցություններից կազմված դաշինքների համար և 10 տոկոս՝ 3 և ավելի ուսակցություններից բաղկացած դաշինքների համար: