Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, այս մասին հայտարարել է ՔՊ-ական Հայկ Կոնջորյանը։
Ըստ նրա՝ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և՛ ֆիզիկապես, և՛ հոգևոր տեսանկյունից․
«Այն, ինչ նրանք արել են տասնամյակներով:
Սա եղել է պարզ քաղաքական բարտեր` գողապետերը Գարեգինին և իր շրջապատին տվել են ֆինանսական արտոնություններ և աչք փակել սքեմի տակ կատարվող անցուդարձի վրա, Գարեգինն էլ Եկեղեցու հանրային լեգիտիմությամբ օծել է ժողովրդական լեգիտիմություն չունեցող նախագահներին: Դու ինձ փող և արտոնություն, ես քեզ` լեգիտիմություն:
Քանի որ ժողովուրդը ազատագրվել է հպատակության շղթաներից, հանցավոր դաշինքի շահագործման օբյեկտ այլևս չկա: Մյուս կողմից` Հայաստանում կա օրինական իշխանություն, որի լեգիտիմությունը բխում է ժողովրդից, միմիա´յն ժողովրդից։
Ահա թե ինչու Եկեղեցու հոգևոր պետերը չեն գտնում իրենց տեղը ժողովրդավարական Հայաստանում. նրանց ապրանքն այլևս գնորդ չունի` ոչ իշխանությունն է ապօրինի, ոչ ժողովուրդը` հպատակ:
Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Որքան շուտ սա հասկանան սրբազան հայրերը, այնքան քիչ կկորցնեն հոգևոր առաջնորդության լեգիտիմությունը»,- նշել է Կոնջորյանը։