news-details
Քաղաքականություն

Ինչպե՞ս են Վրաստանում արտաշիրիմում անելու. «Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը: Հանրային մեղադրողը 2 միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դիակի արտաշիրիմում կատարելու, եւ այդ օրը դատարանը պետք է որոշի` բավարարե՞լ դատախազի միջնորդությունները, թե՞ ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել՝ բավարարել, թե ոչ, ինքը կանխատեսում է, որ, ամենայն հավանականությամբ, կմերժի․ «Պողոս Պողոսյանը հուղարկավորված է Վրաստանում, ինչպե՞ս պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի՝ այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունե՞ն։ Մեկ անգամ՝ 2021 թվականին, դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկնելու հետեւանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել․․․ Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել Ազգային ժողովում»։

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թ. սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը` Շառլ Ազնավուրի հետ, այցելել էր «Առագաստ» սրճարան: Ըստ գործի տվյալների, Պողոսյանը, նրան տեսնելով, ասել է՝ «պրիվետ, Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել: Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն եւ թիկնապահ Աղամալ Հարությունյանին (այժմ` հանգուցյալ)` «Կուկու» մականունով, դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր երեւան եկած հանգամանք դիտարկեցին։