Հովհաննավանքում շուրջ մեկուկես տարի ծառայություն իրականացնող Տեր Սարգիսը 24news-ի հետ զրույցում պատմել է իր ծառայության ընթացքում ունեցած հարաբերությունների, նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի հետ համագործակցության, ինչպես նաև վերջինիս՝ եկեղեցու դեմ հանդես գալու քայլերի մասին։
«Մեկ տարուց մի փոքր ավելի ես ծառայություն եմ մատուցել Հովհաննավանքում՝ նախկին ծառայակցիս հետ միասին։ Սկզբնական շրջանում, այո, գյուղում որոշ լուրեր պտտվեցին, գրություններ գրվեցին, որոնք հետո չեզոքացվեցին։ Դրանից հետո մեր ծառայությունը շարունակվել է խաղաղ և սիրով։ Ինչպես շատ եկեղեցիներում, Հովհաննավանքում ևս նշանակված էին երկու հոգևորականներ։ Մենք փորձել ենք ոչ իրար խանգարել, ոչ իրար որևէ բանից զրկել։ Ծառայել ենք մեր ժողովրդին, կատարել ենք բոլոր խորհրդակատարությունները և պատարագները առանց որևէ խնդիրների»,- նշել է Տեր Սարգիսը։
Նա նաև պարզաբանել է, որ իր հովվության տարածքը ներառել է նաև Ուշի, Օհանավան և Ապարանի շրջանի երկու գյուղեր. «Սրբազան Հոր հանձնարարությամբ այդ գյուղերը ևս մեզ էին հանձնվել խնամակալության։ Մենք ծառայությունն իրականացրել ենք այնպես, որ եթե մեկը մնում էր Հովհաննավանքում պատարագի, մյուսը մեկնում էր գյուղ։ Այսպես ենք կատարել մեր ծառայությունը՝ համաձայն եկեղեցական կարգի»։
Անդրադառնալով Ստեփան Ասատրյանի վարքագծին՝ Տեր Սարգիսը նշել է, որ որևէ տարօրինակ բան չի նկատել. «Հետադարձ հայացքով հիմա գուցե կարելի է ինչ-որ բաներ հիշել, բայց այն ժամանակ ես որևէ նման բան չեմ նկատել։ Եթե նկատած լինեի, բնականաբար քահանայաբար և եղբայրաբար կխոսեի նրա հետ՝ նախքան իր գրառումները։ Բայց մեր խոսակցությունը եղել է արդեն գրառություններից հետո»։
Նրա խոսքով՝ այդ զրույցի ընթացքում ինքը հորդորել է Ստեփան Ասատրյանին չտարածել եկեղեցու ներքին խնդիրները հանրային հարթակներում. «Ես բացատրել եմ, որ այն, ինչ նա գրում է կամ ասում է, չպետք է դառնա ֆեյսբուքյան քննարկման առարկա։ Եկեղեցին ընտանիք է, և յուրաքանչյուր ընտանիքում կարող են լինել խնդիրներ, որոնք պետք է լուծվեն ներսում՝ ընտանեաբար, ոչ թե հանրայնացվեն։ Բայց նրա պատասխանը եղել է՝ «Ես հետդարձի ճանապարհ չունեմ, ես անցնում եմ իշխանական կողմ»»։
Տեր Սարգիսը նաև ընդգծել է, որ իշխանական կողմը դեռևս 2018 թվականից է սկսել հանդես գալ եկեղեցու դեմ հայտարարություններով։ «Այն, ինչ տեսանք հոկտեմբերի 26-ի կիրակնօրյա պատարագի ընթացքում, ցույց տվեց, որ այնտեղ հավաքվածների մեջ կային մարդիկ, ովքեր տարրական գիտելիքներ անգամ չունեին հայ եկեղեցու կարգ ու կանոնի, սրբազան արարողությունների վերաբերյալ։ Ցավալի է, որ այդ անտեղյակությունը կամ չտեղեկացվածությունը կարող է պատճառ դառնալ՝ միանալու եկեղեցու դեմ ուղղված կոչերին»։
Խոսքը եզրափակելով՝ Տեր Սարգիսը կոչ է արել հավատացյալներին պահպանել միասնությունն ու մնալ իրենց հոգևոր հովիվների կողքին. «Մեր հորդորն ու խնդրանքն այն է, որ յուրաքանչյուր հավատացյալ ամուր կանգնի իր հոգևոր սպասավորի կողքին, որպես մեկ ընտանիք՝ Քրիստոսի ընտանիք։ Թող ոչ ոք չտրվի սուտ լուրերին ու կոչերին և չմասնակցի այնպիսի արարողությունների, որոնք կատարվում են առանց եկեղեցական իրավասության։ Թող մեր ժողովուրդը զգուշանա, որպեսզի չմասնակցի այն մարդկանց գործողություններին, ովքեր կարգալույծ են հռչակված կամ որևէ եկեղեցական կարգ չունեն։ Այդպիսի արարողություններին մասնակցելով մարդիկ կարող են իրենց վրա բերել աստվածային անեծք ու նզովք»։