news-details
Քաղաքականություն

Խաղաղության այս պրոցեսը անխուսափելիորեն կբերի Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների կնքման. Արշակյան

ՀՀ-ն ռազմավարական հարաբերություն է հաստատել ԱՄՆ-ի հետ, առանձնահատուկ գործընկերություն ունի Ֆրանսիայի հետ, ՌԴ-ի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերներ են, Չինաստանի հետ բոլորովին վերջերս կնքվեց ռազմավարական գործընկերության համաձայնագիր, Ճապոնիայի, Հնդկաստանի, Իրանի, Վրաստանի հետ ունի առանձնահատուկ հարաբերություններ: Բոլորովին վերջերս Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ, որոնց հետ անկախությունից հետո չունեինք դիվանագիտական հարաբերություններ, այժմ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այդ մասին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագծի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:

«Անխուսափելիորեն, խաղաղության այս պրոցեսը կբերի Թուրքիայի և Ադրբեջանի՝ մեր անմիջական հարևանների հետ նույնպես դիվանագիտական հարաբերությունների կնքման և խաղաղության հաստատման, երկարատև, կենսունակ խաղաղության:

Սա ի՞նչ է, եթե ոչ կենսունակ պետության ճանապարհ: Սա ի՞նչ է, եթե ոչ երկխոսող, խաղաղ, ազատ, անկախ, իր քաղաքացիների համար անվտանգության ամենաբարձր երաշխիքներ տվող պետության ճանապարհ»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը նաև ընդգծեց, որ խաղաղության այս ճանապարհը գործարարների, քաղաքացիների համար ապահովելու է և արդեն իսկ ապահովել է կենսունակ միջավայր:

«Եկեք պահենք, փայփայենք այն, ինչ մենք ունենք, նաև աշխարհասփյուռ հայությանը, ձեռներեցներին, մեր հանրապետության քաղաքացիներին կոչ եմ անում գալ Հայաստան և իրենց գործունեությամբ ամրապնդել այն խաղաղությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և փոխադարձ հարգանքի վրա հենված հարաբերությունների զարգացումը, որն այս պահին մենք կառուցում ենք»,- ասաց նա:

Նյութի աղբյուր՝ https://www.1lurer.am/hy/2025/10/02/1/1390804