news-details
Քաղաքականություն

Կոչ եմ անում մեր ընդդմությանն այդքան խորը չմտնեն Սամվել Կարապետյանի քսակի մեջ, լծվել եք նրա ունեցվածքի պաշտպանությանը. Հայկ Կոնջորյան

Կոչ եմ անում մեր ընդդմությանն այդքան խորը չմտնեն Սամվել Կարապետյանի քսակի մեջ, որովհետև դա որևէ հետևանքի չի հանգեցնելու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Մի քանի կոպեկի համար հիմա այսպես ջերմեռանդորեն դուք լծվել եք Սամվել Կարապետյանի ունեցվածքի պաշտպանությանը, դուք բացարձակապես չեք ներկայացնում ՀՀ ժողովրդի ունեցվածքի պաշտպանության գործունեությունը:

ՀՀ տերը ՀՀ ժողովուրդն է, այդ թվում պետական ռեսուրսների և քաղաքական գործունեություն իրականացնող ուժերի քաղաքական տերը ևս ՀՀ ժողովուդրն է: Դուք ի՞նչ տիրոջ եք ծառայում, երբ որ քանի օր է արդեն զբաղված եք կոնկրետ մարդկանց, կոնկրետ շրջանակների՝ Հայաստանից դուրս կապիտալ կուտակած շրջանակների քաղաքական շահերի պաշտպանությամբ»,- ասաց նա:

Կոնջորյանը նշեց, որ ապօրինի գույքի ու թալանի իրական շահառուները եկել են իրենց մեղադրում են, թե ունեցվածք են խլում: «Սա ՀԷՑ-ը խլելու մասին չէ, սա ՀԷՑ-ն իր տերերին՝ ՀՀ ժողովրդին, վերադարձնելու մասին է: Գառնիկ Դանիելյանը եկել այստեղից բարոյականության դասեր է տալիս մեր խմբակցության անդամներին, ասում է՝ խելքի եկեք: Ով բարոյականությունից խոսա, Դուք գոնե պապանձվե՛ք, երկրում ինչքան սրբապիղծ տեռորիստ կա, կողքը կանգնած եք»,- ասաց նա:

Կոնջորյանն առաջարկեց, որ սկսեն քննարկել նաև ՀԷՑ-ի գործունեության հետ կապված քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: «Այդպես մենք կփորձենք բազմաթիվ հարցերի պատասխան տալ, սկսած՝ ՀԷՑ-ի մասնավորեցումից, որը տեղի է ունեցել Քոչարյան Ռոբերտի օրոք, վերջացրած մնացած հարցերը»,- ասաց նա: