news-details
Քաղաքականություն

Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ. Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնում է, որ դատարանը վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանքը։

2018թ. ապրիլի 22-ին Էրեբունիում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և բռնություն գործադրել: Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին, Գևորգ Համբարձումյանին, Գոռ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել: Բայց դատարանը որոշել էր Դավիթ Համբարձումյանի և Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ էին արձակվել: Ավելի ուշ Մասիսի քաղաքապետին ևս մեկ մեղադրանք էր առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ: