Մերձավանի ՔՊ-ական ավագանու անդամ Դավիթ Ախտոյանը, անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ իրենց ընտանիքին համայնքից հեռարել են, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց․
«Կրկին անգամ շեշտում եմ, որ գյուղից հեռացել ենք իրավապահ համակարգի հորդորով՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ ոչ մեկ չի հեռացրել մեր համայնքից, և ոչ մեկ նման իրավունք չունի։ Մենք ապրել ենք ու շարունակելու ենք ապրել մեր համայնքում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ որոշ լրատվականներ գրում են, թե ստորագրահավաքից հետո մեզ հեռացրել են գյուղից, շեշտեմ, որ դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ դա ոչ մի իրավական հիմք չունի»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում դաժանաբար սպանվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանությունից հետո Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի ընտանիքը և սպանության գործով անցնող մեղադրյալների հարազատները համայնքում չեն բնակվում, ավելին, դեմքից անցել է մեկուկես ամիս, սակայն իրավապահ մարմինները դեռ Մերձավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում։