news-details
Քաղաքականություն

Պետք է ձեւավորվի մի խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից, չի բացառվում՝ վարչապետն էլ մասնակցի. Վահագն Ալեքսանյան

Պետք է ձեւավորվի հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ որ խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Նոր հոգեւոր առաջնորդ պետք է ընտրվի։ Չեմ բացառում, որ վարչապետը՝ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ, կաջակցի կամ ինչ որ ձեւով կմասնակցի այդ գործընթացին»,– ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Փաշինյանը սոցցանցերում արշավ է սկսել եկեղեցու դեմ։ Գրեթե ամեն օր նա գրառումներ է կատարում Կաթողիկոսի եւ այլ հոգեւորականների մասին։ Այսօր նա գրել էր. «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը և զավակ ունի։ Ըստ այսմ, համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքի, Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։

Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, որպես մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի, արձանագրում եմ․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։