news-details
Քաղաքականություն

Քննչական մարմինները պնդում են՝ Նարեկ Կարապետյանի ելքն իրենք չեն արգելել. «Փաստինֆո»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել։ Այդ մասին են վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան քննչական մարմինների պատասխանները։

Ինչպես հայտնել ենք, Նարեկ Կարապետյանին օրեր առաջ թույլ չեն տվել հատել հայ-վրացական սահմանը։ Վերջինս հայտնել էր, որ մտադիր էր մեկնել Լարս՝ տեղում ծագած խնդիրները լուսաբանելու և ներկայացնելու համար։ Նրա ելքի արգելքի համար որպես հիմք մատնանշվել էր նրա՝ իբր այլ երկրի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ հարուցված վարույթը։

Նշված քրեական վարույթով, սակայն, Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ տեղեկություններ չկան։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պնդել են, թե իրենց մասով որևէ սահմանափակում չկա։ Համանման պատասխան է ստացվել նաև ՀԿԿ-ից, իսկ ՀՀ գլխավոր դատախազությունից խնդրել են գրավոր հարցում ուղարկել։

Նշենք, որ ԿԸՀ-ն հրապարակայնորեն հերքել էր Նարեկ Կարապետյանի՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունները՝ արձանագրելով, որ ներկայացված տվյալները չեն հաստատում նման հանգամանքը։