news-details
Քաղաքականություն

Քննչականի պետն աշխատասենյակում ծեծի է ենթարկել փոխոստիկանապետին. մանրամասներ

«Իշխանություն»-ը գրել էր, որ նախօրեին ուշ գիշեր ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ հրապարակման՝ ՔԿ աշխատակիցները ծեծի են ենթարկել ոստիկանության ծառայողի, ինչից հետո վերջինիս համար շտապօգնություն է կանչվել։

ArmLur.am-ին հաջողվել է բացառիկ մանրամասներ պարզել միջադեպից։ Մեր տեղեկություններով՝ ծեծի ենթարկված ոստիկանության ծառայողը ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալն է։

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ միջադեպի հիմքում բավական կենցաղային թվացող հարց է եղել՝ ավտոկայանատեղիի շուրջ վեճը։ Դեպքից մեկ օր առաջ Մալաթիայի տարածքում ոստիկանության ծառայողի, քննիչների և քաղաքացու մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել։

Սակայն պատմությունն այդքանով չի ավարտվել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաջորդիվ հարցերը պարզաբանելու նպատակով ոստիկանության ծառայողին իր մոտ է հրավիրել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Վերջինս, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ոստիկանության ծառայողին ընդունել է իր աշխատասենյակում, որտեղ ներկա են եղել նաև վարչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այստեղ

իրավիճակը կրկին լարվել է, և Մալաթիայի ոստիկանապետի տեղակալը ծեծի է ենթարկվել։ Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների, կատարվածին ներկա են եղել նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ոստիկանության ներքին անվտանգության ստորաբաժանման ղեկավարը։

Դեպքից հետո ոստիկանության ծառայողի համար շտապօգնություն է կանչվել։ Նրա հարազատները հավաքվել են ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության շենքի դիմաց, սակայն, նրանց թույլ չեն տվել ներս մտնել։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ կատարվածի առնչությամբ արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, ուստի իրավապահ համակարգը ստիպված է լինելու պարզել ոչ միայն՝ ով և ինչ հանգամանքներում է բռնություն գործադրել ոստիկանության ծառայողի նկատմամբ, այլև՝ ովքեր են ներկա եղել միջադեպին և ինչ գործողություններ են ձեռնարկել այն կանխելու համար։

Հատկանշական է նաև մեկ այլ հանգամանք։ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի եղբայրն է։