Դեռևս հուլիսի 8-ին Armlur.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ձեռքը կոտրել է: Մկրտչյանն ամեն բան անում էր՝ հերքելու տեղեկությունը, ֆեյսբուքյան ստատուսներ էր գրում, բացատրում, թե իր հետ ամեն բան կարգին է: Բայց արի ու տես, որ ՔՊ-ական պատգամավորը ստում էր:
Նախ հիշեցնենք, թե ինչպես էր ՔՊ-ական Մկրտչյանը կոտրել ձեռքը: Դեռևս հուլիսի 8-ին, երբ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու ու կալանքի տանելու` դատախազության միջորդագիրը, միջադեպ տեղի ունեցավ:
Արթուր Սարգսյանն իր ելույթում նշեց, որ «Կալանավորման որոշումն էլ կա, անձեռնմխլիությունից զրկելն էլ կա: Ես որոշել եմ, որ այս ժամանակը որ պետք է անցկացնեմ այստեղ, կգնամ իմ 4 անչափահաս երեխաների հետ կանցկացնեմ, տիկնոջս հետ կգնամ մոմ կվառեմ ու կգնամ քննչական»,- ասաց նա:
Դահլիճից դուրս գալու ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը ինչ-որ բան էր ասել Սարգսյանին, որից հետո բոլոր ՔՊ-ականները հարձակվել էին կալանքի գնացող Սարգսյանի ու ընդդիմադիր պաատգամավորների վրա, ծեծել, քաշքշել ու հայհոյել:
Գլխավոր «հերոսներից» էր նաև Արեն Մկրտչյան, որը ընդդիմադիր պաատգամավորին հարվածելու ժամանակ կոտրել էր ձեռքը: Մենք փորձել էինք նրա հետ զրուցել այդ մասին, սակայն վերջինս ագրեսիվ պահվածք էր դրսևորում ու ողջ օրը խորհրդարանում շրջում էր ձեռքը գրպանում` ակնհայտ երևում էր, որ ձեռքը չի կարողանում շարժել:
Եվ, ահա Armlur.am-ը նկատեց, որ հուլիսի 12-ին կայացած Գորիսի քաղաքական ժողովի ժամանակ Արեն Մկրտչյանի ձեռքը կոտրված է` ֆիկսատրով այն ֆիկսված է: Ու բացահայտվում է, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը ակնհայտ խաբել է, ու իսկապես այդ միջադեպի օրը ձեռքը կոտրել է: