«Առավոտ» թերթը, որը վերջերս հայտնվել է իշխանության թիրախում և մամուլի շենքից ստիպված հեռանում է, մի հոդված էր հրապարակել «Մարզպետն իր բաջանաղի ընտանիքի բոլոր անդամներին աշխատանքով ապահովելուց զատ, որոշել է նաեւ մարզ եկած ծրագրերն էլ բաջանաղով անել» վերտառությամբ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության էր առել այս հոդվածը շահերի բախման համատեքստում և արդյունքում ԽԾԲ-ն կրկին անպատիժ է մնում։
Հրապարկման համաձայն՝ 2025 թվականի հունվարի 17-ին Իջևանի համայնքապետարանի ավագանու նիստում կայացվել է 2 որոշում՝ «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) ութ տարի ժամկետով համայնքային 2 հողամասի տրամադրման վերաբերյալ: Ըստ հրապարակման՝ 2023 թվականին ստեղծված «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության նախագահը Իջևանի համայնքապետի խորհրդական Դավիթ Վիրաբյանն է, ով նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ունի խնամիական փոխկապակցվածություն:
Ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել է, որ «Օկոն» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) ութ տարի ժամկետով համայնքային 2 հողամասի տրամադրումը իրականացվել է համայնքի ավագանու որոշումների հիման վրա: Միաժամանակ, Հանձնաժողովը քննարկել է հրապարակման առարկան համայնքի ղեկավարի շահերի բախման համատեքստում:
Հանձնաժողովը, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի կարգավորումները և հողօգտագործման բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունները, դիմել է համայնքի ղեկավարին՝ առաջարկելով «Օկոն» հասարակական կազմակերպությանը սահմանափակ օգտվելու իրավունքով համայնքային հողամասերի տրամադրման որոշումների հաստատումից առաջ, պայմանավորված կազմակերպության նախագահի՝ Դավիթ Վիրաբյանի հետ առկա փոխկապակցվածությամբ, հանդես գալ շահերի առկայության մասին հայտարարությամբ՝ հրապարակելով այն համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Ինչ վերաբերում է Դ․ Վիրաբյանի և Տավուշի մարզպետ Հ․ Ղալումյանի
միջև հրապարակմամբ հիշատակված խնամիական կապին՝ հասարակական նշված կազմակերպությանը համայնքային հողամասերի օգտագործման տրամադրման որոշումների կայացման գործընթացում Վ․ Ղալումյանը ի պաշտոնե որևէ ներգրավվածություն կամ մասնակցություն չի ունեցել: