news-details
Քաղաքականություն

ՔՊ-ն վարչության արտահերթ նիստ է հրավիրել. թեման` Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան հակամարտությանն է

Armlur.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը հանրային հարթակներում շարունակում է համոզել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ամեն ինչ հանդարտ է, և «արշալույսները խաղաղ են»։ Սակայն ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունները վկայում են, որ կուսակցության վարչության նիստում իրավիճակն այնքան էլ խաղաղ չի եղել երեկ երեկոյան։

Երեկվա գիշերային քննարկման գլխավոր թեման դարձել է Հայկ Սարգսյան–Ալեն Սիմոնյան հակամարտությունը։ Ըստ ArmLur.am-ի ՔՊ-ական աղբյուրների, նախ օրակարգում հայտնվել է բուքմեյքերական ընկերությունների և խաղատնային բիզնեսի հարցը։ Ալեն Սիմոնյանը, որ այս մասով սկզբում կոշտ դիրքորոշում է ցուցաբերել՝ դեմ արտահայտվելով մի շարք նախաձեռնությունների ու հենց դրա համար էլ ծագել են կասկածները․ Հայկ Սարգսյանը պնդել է, որ Սիմոնյանի այս «անհասկանալի» դիմադրությունը կարող է կոռուպցիոն ենթատեքստ ունենալ, քանի որ բուքմեյքերական ընկերությունների խոշոր սեփականատերերի թվում նրա մտերիմներն են։

Նիստի ընթացքում, ArmLur.am-ի տեղեկություններով, Ալեն Սիմոնյանը հետ է կանգնել իր հայտարարություններից ու փորձել չոր մերժումներով փակել թեման։ Վարչությունը, կարծես, հավատացել է նրան և որևէ կարգապահական տույժ չի կիրառել։
Սակայն ամենաաղմկահարույց դրվագը ՔՊ-ի պաշտոնական հաղորդագրությունն էր։ Կուսակցությունը հայտարարել էր, թե Հայկ Սարգսյանը կարգապահական տույժի է ենթարկվել, քանի որ հրաժարվել է հանձնաժողովին ներկայացնել փաստեր։

ArmLur.am-ի աղբյուրները պարզաբանում են՝ սա այնքան էլ իրական չէ։ Սարգսյանը նկատողությունը ստացել է դեռ ապրիլին։ Այս փաստն էլ հենց բարձրաձայնվել է ՔՊ նիստի ժամանակ երեկ։ Ըստ նույն աղբյուրների, Սիմոնյանը կուսակցական խողովակներով հասել է նրան, որ տարածվի հայտարարություն՝ ուղղված Հայկ Սարգսյանի դեմ։
Ուշագրավ է, որ հակամարտությունը որևէ ծայրահեղ որոշումով չի հանգուցալուծվել․ ո՛չ Սարգսյանի, ո՛չ Սիմոնյանի կուսակցությունից հեռացման հարցը չի քննարկվել։ Երկու կողմերն էլ այժմ պատրաստվում են սեպտեմբերի 20-ին կայանալիք վարչության ընտրություններին, որոնք որոշիչ կարող են լինել ՔՊ-ի ներսում ուժերի բաշխման համար։

ArmLur.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Հայկ Սարգսյանից, սակայն վերջինս արդեն երկու օր չի պատասխանում հեռախոսազանգերին և հաղորդագրություններին։
ArmLur.am-ը զրուցել է ՔՊ աշխատակազմի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հետ. « Այո, արտահերթ նիստ է կայացել, Հայկ Սարգսյանը դիմում է տվել, որոշեցինք դիմումը հիմա քննարկել: Որևէ մեկին կարգապահական վարույթ չի հարուցվել, դիմումին սպառիչ պատասխան է տրվել և յուրաքանչյուրը իր քարոզարշավն է անում, որևէ արտառոց բան չկա»: