news-details
Քաղաքականություն

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականը. ժողովուրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ ոչ

Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնների հետ: Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ չի ուզում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

 

Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:

Գալյանը հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, և այս ընթացքում իշխանությունները շարունակաբար բարձրաձայնել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

 

«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսել աշխատանքները նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված, և պատմության էջերը թերթելով, հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո», – ասել է Սրբուհի Գալյանը։