news-details
Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի հաղթանակը միջազգային դատարանում. միջանկյալ որոշում, որը կարող է փոխվել. Civilnet

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ներկայում կալանավորված Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, թե Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։ Այս մասին գրում է Civilnet-ը:

Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ 2025-ի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institute) նշանակած հրատապ արբիտրաժը ՀՀ-ին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների կիրառումից, ինչպես նաև «ՀԷՑ» փակ բաժնետիրական ընկերության բռնագրավման հետագա քայլերից։

Նշվում է նաև, որ արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը չի հրապարակել հրատապ որոշումը։ SCC-ի կայքում այն ևս հասանելի չէ, քանի որ ըստ SCC-ի կանոնակարգի՝ որոշումները հրապարակման ենթակա չեն, եթե չկա կողմերի համաձայնությունը։

#CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ SCC-ում, հղում անելով իրենց կանոնակարգը, նշեցին, որ չեն կարող հաստատել կամ հերքել որևէ գործի գոյությունը։

Ստոկհոլմի արբիտրաժի կանոնակարգի մասին

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը ուսումնասիրեց SCC-ի կանոնակարգը և ներկայացնում է մանրամասներ հրատապ արբիտրաժի գործընթացի վերաբերյալ։

Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արտակարգ արբիտրաժը նախատեսված է այն դեպքերի համար, երբ կողմերից մեկը պահանջում է շտապ ժամանակավոր միջոցներ՝ մինչև վեճի բուն քննությունը։

SCC-ի կանոնակարգի 4-րդ և 8-րդ հոդվածների համաձայն՝ դիմումը ստանալուց հետո SCC-ն 24 ժամվա ընթացքում նշանակում է հրատապ արբիտր։ Վերջինս կողմերին լսում է արագացված ընթացակարգով (հեռակա կարգով, առանց լսումների, եթե անհրաժեշտ է) և մինչև հինգ օրվա ընթացքում կայացնում է որոշում միջանկյալ միջոցներ կիրառելու կամ չկիրառելու վերաբերյալ։

Հրատապ արբիտրաժի որոշումը չի համարվում վերջնական վճիռ, սակայն պարտադիր է կողմերի համար՝ ընդունման պահից սկսած։

SCC-ի կանոնակարգը սահմանում է, որ հրատապ որոշումը դադարում է պարտադիր լինել, եթե՝

(i) հրատապ արբիտրը կամ Արբիտրաժային դատարանը նման որոշում կայացնեն,

(ii) Արբիտրաժային դատարանը կայացնի վերջնական վճիռ,

(iii) արբիտրաժի վարույթը չսկսվի հրատապ որոշման ընդունման պահից 30 օրվա ընթացքում, կամ

(iv) գործը չփոխանցվի Արբիտրաժային դատարանին հրատապ որոշման ընդունման պահից 90 օրվա ընթացքում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: