news-details
Քաղաքականություն

Սարիկ Մինասյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում դեսպան. «Առավոտ»

Մինչ Գյումրիում երկու օր է՝ ակտիվորեն շրջանառվում է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանին ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի՝ աշխատանքից հեռացված Գագիկ Ֆարզադյանի փոխարեն տնօրեն նշանակելու մասին, Aravot.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Սարիկ Մինասյանը շուտով կնշանակվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, ԱՄՆ-ում կնշանակվի ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն։ Նրա դեսպան նշանակվելու ագրեմանն, ըստ մեզ հասած տեղեկությունների, արդեն հաստատվել է ( ի դեպ, Նարեկ Մկրտչյանի եղբայրն ԱՄՆ-ում է բնակվում)։

Սարիկ Մինասյանն էլ, որը սոցիալական ոլորտում աշխատանքի փորձ ունի, զբաղեցրել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի ղեկավարի պաշտոնը, կնշանակվի նախարար։

Նշենք, որ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղից մեզ երկու օր առաջ վստահեցնում էին, որ Սարիկ Մինասյանը կնշանակվի տնօրեն, ըստ որոշ տեղեկությունների՝ նա արդեն իսկ հասցրել էր լինել այդ կառույցում, այսօր, սակայն, տեղեկացրեցին, որ բան է փոխվել, ամենայն հավանականությամբ տնօրենի թեկնածուն Սարիկ Մինասյանը չէ։