news-details
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի կողմից վաշինգտոնյան փաստաթղթի կապիտուլյացիա համարելն ինքնախոստովանություն է, որ նա դեմ է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը. Փաշինյան

Այն փաստաթուղթը, այն պայմանավորվածությունը, որ արձանագրում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը Սերժ Սարգսյանն անվանում է կապիտուլյացիա: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրերս արված այն հայտարարությանը, որ Վաշինգտոնյան փաստաթուղթը ասք է կապիտուլյացիայի մասին:

«Սրանով նա բացահայտում է, որ իր և ոչ միայն իր, ամբողջ գործունեությունն ուղղված է եղել և շարունակում է ուղղված լինել Հայաստանի ինքնիաշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սահմանների անխախտելիության դեմ: Այսինքն, դա շատ ցցուն և խոսուն ինքնախոստովանություն է»,- հայտարարեց նա:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, թե ստորագրվածն ընդամենը հռչակագիր է և այդպիսով նսեմացվում է նշանակությունը, Փաշինյանն ասաց. «Ասում են՝ ի՞նչ է, որ դա հռչակագիր է, իբր դրանով նսեմացնում են այդ փաստաթղթի նշանակությունը: Ղարաբաղի հակամարտության բանակցված փաստաթուղթը հռչակագիր է եղել՝ Հայաստանի հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների հռչակագիրը:

Այսինքն, եթե հռչակագիրն այդպիսի վատ կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է, ուրեմն ինձնից նախորդները՝ 94-ից մինչև 2018 թվականը, մեր բոլորի ռեսուրսները, ժամանակը, կյանքը մեր նահատակների կյանքը զոհաբերել են ինչ-որ ոչինչ չարժեցող մի թուղթ բանակցելու վրա: Թող ասեն՝ մենք որ հռչակագիր էինք բանակցում, մենք հասկանում էինք, որ դա ոչինչ չի նշանակում, թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին»: