Տեր Արամի հարցազրույցն է հիմքը եղել, երբ հոգևորականներին բերման են ենթարկել, Սրբազանը անհետացել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի քահանաների տներում խուզարկություններ են կատարվել, և վերջիններս բերման են ենթարկվել Հովհանավանքի քահանա տեր Արամի հաղորդման հիման վրա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հանրայինի եթերում Տեր Արամ քահանա Ասատրյանը հայտարարել էր, թե ընդդիմադիր հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը նշել էր, որ Տեր Արամը խնդիրներ է ստեղծել հոգևոր ծառայության համար, և այն շարունակելու պարագայում ստիպված են լինելու կարգալույծ անել Տեր Արամին։
Փաստաբանի խոսքով, փորձում են պարզել, թե որտեղ է Սրբազանը, որովհետև նրա գտնվելու վայրն անհայտ է․ «Այս պահին բոլորը հերքում են, ահազանգել ենք ՄԻՊ-ին, բայց անարդյունք»,- ասաց նա։
Հարցին՝ արդյո՞ք օրենքի խախտում է այն, որ տեղեկություններ չկան Սրբազանի գտնվելու վայրի մասին, Ֆանյանը դրական պատասխան տվեց․ «Քրեական օրենսգրքում այդպիսի հանցակազմ կա՝ բռնի անհետացում։ Եվ պետության պատվերով կամ կարգադրությամբ անձը բռնի անհետանում է և հայտնվում իրավական պաշտպանությունից դուրս»,- ասաց նա՝ նշելով, որ Սրբազանի հեռախոսհամարն այս պահին անհասանելի է։