news-details
Աշխարհ

Թաիլանդը և Կամբոջան փոխանակվել են սահմանային հարվածներով. օդ են բարձրացվել F-16 կործանիչներ

Այսօր առավոտյան Թաիլանդի և Կամբոջայի սահմանին տեղի է ունեցել զինված բախում: Թաիլանդի բանակի տվյալներով՝ կամբոջական զորքերը կրակ են բացել՝ վիրավորելով երկու թաիլանդցի զինվորի: Իր հերթին, Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ զորքերը պատասխան միջոցներ են ձեռնարկել միայն ինքնապաշտպանության համար:

Թաիլանդի իշխանությունները հայտնում են, որ Կամբոջան օգտագործել է հրետանի։ Թաիլանդի Սուրին նահանգի Կաբչաինգ շրջանի ղեկավար Սուտտիրոտ Չարոենթանասակը Reuters-ին ասել է, որ արկն ընկել է մի տան վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։

Թաիլանդի բանակը օդ է բարձրացրել F-16 կործանիչներ։ Թաիլանդի բանակը նշում է, որ ինքնաթիռներից մեկը կրակ է բացել Կամբոջայի տարածքի վրա և ոչնչացրել ռազմական թիրախ։ Երկիրը փակել է Կամբոջայի հետ բոլոր սահմանային անցակետերը։

Կամբոջայի պաշտպանության նախարարությունը դատապարտել է «Թաիլանդի անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան», հաղորդում է Reuters-ը՝ հաստատելով, որ թաիլանդական բանակն իսկապես կիրառել է օդուժ։

Կամբոջայի նախկին վարչապետ Հուն Սենը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հանգստություն։

«Մենք կոչ ենք անում բոլոր կամբոջացիներին վստահել մեր կառավարությանը և զինված ուժերին, որոնք գտնվում են առաջնագծում... Մենք խնդրում ենք բոլորին... պահպանել հանգստություն և շարունակել իրենց ամենօրյա գործունեությունը սովորականի պես», - գրել է նա սոցիալական ցանցերում։