news-details
Քաղաքականություն

Վարչապետն ու փոխվարչապետները 2025թ. 51.6 մլն դրամ պարգևավճար են ստացել․ «Հետք»

«Հետքը» գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազ. դրամ պարգևավճար է ստացել՝ 2025թ. առաջին կիսամյակի կատարողականի գնահատման արդյունքային ցուցանիշների համար: Դրանից բացի՝ մոտ 1 մլն  970 հազ. դրամ էլ առանձին տողով է պարգևատրվել:

Վարչապետի աշխատակազմի աշխատողները (թիվն ամեն տարի փոփոխվում է, միջինը`  491 մարդ), վարչապետն ու երկու փոխվարչապետները 2021-2025 թվականներին ստացել են ընդհանուր 2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ պարգևատրում և պարգևավճար: «Հետքը» գրավոր հարցմամբ Կառավարությունից տեղեկատվություն է ստացել վարչապետի աշխատակազմի, վարչապետի եւ փոխվարչապետների 2021-2025թթ. ստացած պարգևավճարների վերաբերյալ:

2 մլրդ 835 մլն 550 հազ. դրամ գումարից մոտ 381 մլն 848 հազ. դրամը հատկացվել է որպես պարգևավճար՝ 2025թ. առաջին կիսամյակի գործունեության առաջնահերթությունների և դրանց կատարողականի արդյունքային ցուցանիշների հիման վրա: Գումարը ստացել են այդ ժամանակահատվածում աշխատած 412 աշխատակիցները, ինչպես նաև վարչապետն ու երկու փոխվարչապետները: «Հետքի» գրավոր հարցմանը պատասխանել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:

Կառավարությունից չեն առանձնացրել, թե կատարողական ցուցանիշների հիման վրա որքան գումար են ստացել երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը: Գումարի չափը ներկայացվել է ընդհանուր, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած պարգևավճարն առանձնացվել է՝ 11 մլն 950 հազ. 800 դրամ»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նյութի աղբյուր՝ https://hetq.am/hy/article/179239?fbclid=IwZnRzaAPUsLtleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe0M41GFCjw9JM_MiaUQszxWWbyrbdifROm8luFk47X2DvMyS9ypb9ym_4mRc_aem_j1LVq0Ff5SzAxs6nBOli8A