Բյուրեղավանի բնակիչներին ժամանակավորապես խորհուրդ է տրվում չխմել ծորակի ջուրը և այն չօգտագործել սննդի պատրաստման նպատակով։ Հորդորը տարածել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ ՀՎԿԱԿ-ը՝ նշելով, որ իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։
ՀՎԿԱԿ-ի հայտարարությանը նախորդել է Բյուրեղավանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով քաղաքացիների բուժօգնության դիմելը։ Սեպտեմբերի 6-ին նախնական տվյալներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի, նրանցից 3-ը հոսպիտալացվել են ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն։
Բյուրեղավանում սա ջրի և աղիքային վարակների հետ կապված առաջին նման իրավիճակը չէ։ Ապրիլին քաղաքում արձանագրվել էր աղիքային վարակի բռնկում, որի ընթացքում ջրի նմուշներում հայտնաբերվել էին կոլիֆորմ մանրէներ, իսկ կենսաբանական նմուշների հետազոտությամբ՝ ռոտավիրուս, ադենովիրուս և այլ ախտածիններ։
Խնդիրը կրկին բարձրացել էր նաև հուլիսին։ Այդ ժամանակ ՀՎԿԱԿ-ը 14 ջրի նմուշառման կետերից 3-ում շեղումներ էր արձանագրել։ Հետագա կրկնակի նմուշառումներից երկուսում հայտնաբերվել էին ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։
Միևնույն ժամանակ, «Վեոլիա Ջուր»-ը նախորդ դեպքերի ժամանակ հայտարարել էր, որ ջրի որակի հետ կապված շեղումներ չի հայտնաբերել։ Այսօր էլ դեռ պետք է սպասել ՀՎԿԱԿ-ի ընթացիկ հետազոտությունների արդյունքներին՝ հասկանալու համար՝ արդյոք նոր դեպքերը կապված են խմելու ջրի հետ, թե ոչ։
ArmLur.am-ը այս պահին Բյուրեղավանում է։ Զրուցել ենք Բյուրեղավանի համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ, ով նշում է, որ այս պահին չկա որևէ հաստատված փաստաթուղթ, որը կապացուցի, որ թունավորումը ջրից է։