news-details
Աշխարհ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ընդերքի մասին համաձայնագիրը խափանման եզրին է

Ուկրաինայի ընդերքի ռեսուրսների օգտագործման մասին շրջանակային համաձայնագիրը, որը Կիևը հույս ուներ ստորագրել Վաշինգտոնի հետ, խափանման եզրին է: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը։

Դա տեղի է ունեցել վերջին պահին, երբ ուկրաինական պատվիրակությունը՝ առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի գլխավորությամբ, արդեն մեկնել էր ԱՄՆ։

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները զգուշացրել են Սվիրիդենկոյին, որ նա պետք է պատրաստ լինի միանգամից ստորագրել բոլոր փաստաթղթերը կամ վերադառնալ տուն։ Սա զուտ շրջանակային համաձայնագիր չէ, այլ նաև առանձին համաձայնագիր՝ ստեղծելու ներդրումային հիմնադրամ, որը կկառավարի օգտակար հանածոների արդյունահանումից ստացվող եկամուտները։

Ամերիկյան կողմը պնդում է, որ Կիևը վերջին պահին փորձել է վերանայել արդեն համաձայնեցված պայմանները։ Միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ դա թյուրիմացություն է. հիմնադրամի մասին համաձայնագիրը պահանջում է նախնական վավերացում Գերագույն Ռադայում, ուստի անհնար է այն ստորագրել շրջանակային փաստաթղթի հետ միաժամանակ։

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է շրջանակային համաձայնագիր ստորագրել, իսկ մնացած փաստաթղթերը կկազմվեն ավելի ուշ։

Bloomberg-ը հայտնել է նաև գործարքի պայմանների շուրջ տարաձայնությունների մասին: Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը պնդում է, որ բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրել փաթեթով, մինչդեռ Ուկրաինան առաջարկում է քայլ առ քայլ մոտեցում։