Ուզում եմ բոլորիս շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության առիթով, որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 21-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բոլորին շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար:
Ըստ Փաշինյանի՝ Վաշինգտոն մեկնելուց առաջ քննարկումների շարք է եղել Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի և խորհրդարանական խմբակցության մասնակցությամբ քննարկումներ ու տեքստի վերլուծություններ են եղել:
«Եկել ենք այն եզրակացության, որ այս քայլը պետք է անել»,- հայտարարեց Փաշինյանը՝ նշելով, որ սրանով աշխատանքը ոչ թե ամփոփվում է, այլ սկսվում է:
«Կա մի այսպիսի երևույթ, երբ սեղանին դրված է մի հարց, որը չի լուծվում, շարունակաբա՛ր չի լուծվում, այդ մի հարցը շարունակում է մնալ օրակարգում: Պայմանական ասած՝ եթե վերցնենք, այդ մի հարցն է: Որ այդ հարցը լուծվում է, դրա լուծման արդյունքում առաջ են գալիս 10 այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և սա նորմալ է, տրամաբանական է, և զարգացումն այսպես է լինում: Այսինքն՝ լուծում ես հարց, ի հայտ են գալիս նոր հարցեր, լուծում ես այդ հարցերը, դրա արդյունքում ի հայտ են գալիս նոր հարցեր, ու այդ հարցերի հետ առնչվելու արդյունքում է, որ տեղի է ունենում զարգացումը:
Ես համոզված եմ, որ այս քայլով մենք դուրս ենք եկել զարգացման նոր օրակարգ և զարգացման նոր հարթություն, և այստեղ մեր աշխատանքի բովանդակությունը և էներգիան իհարկե պետք է ավելին լինի, մեր աշխատանքի արդյունավետությունը պետք է ավելին լինի:
Առջևում շատ մեջ աշխատանք կա անելու, բայց կարևոր է ընդգծել, որ դա կառուցողական, խաղաղ և ստեղծագործ աշխատանք է, և մենք բոլորս պետք է առավելագույն կենտրոնացած լինենք այդ աշխատանքի վրա»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ ժողովրդավարական երկրում մարդիկ պետք է հասկանան՝ ինչ է կատարվում:
«Մեր քաղաքացիները պետք է հասկանան՝ մենք ինչ ենք անում, ինչու ենք անում, ինչն է, որ չի ստացվում, ինչն է դրա պատճառը, ինչն է, որ ստացվում է, և ինչի արդյունքում է այդ ամեն ինչը ստացվում, որովհետև նույնիսկ ամենամեծ ձեռքբերումների պարագայում չի կարելի կամ խնդրահարույց է, եթե այդ հաջողությունների ծագումնաբանությունը հասկանալի չլինի հանրությանը՝ ինչը, ինչու, ինչպես տեղի ունեցավ, և որոնք են այն ենթատեքստերը, համատեքստերը, մոտիվացիաները, որոնք բերում են նման իրավիճակների, արդյունքների:
Կարծում եմ, որ առաջիկայում բոլորս, Կառավարության անդամները, հատկապես քաղաքական ներկայացուցիչները պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք հանրային հաղորդակցությանը, մեր աշխատանքի նրբությունները, նպատակները, տեքստերը, ենթատեքստերը, համատեքստերը քաղաքացիներին ներկայացնելուն, նրանց հարցերին պատասխանելուն, նրանց մտահոգություններին արձագանքելուն, և, իհարկե, այս ընթացքում մենք կարողանում ենք լրացուցիչ տեղեկատվություն ստանալ, որը գուցե թե պաշտոնական թղթերում, փաստաթղթերում միշտ չէ, որ արտացոլված է լինում կամ այնպես չի արտացոլված լինում, որպեսզի մենք կարողանանք գնահատել տվյալ փաստի կարևորությունը:
Համենայն դեպս, այս նոր փուլում՝ խաղաղության ինստիտուցիոնալացման, ստեղծագործ փուլում, մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- ասաց նա: