Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանը:
«Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել: Ի՞նչ է պետք անել: Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին, հայտարարելով, որ այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չէ լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել: Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ հստակ հայտարարելով՝ չենք հանդուրժում այլևս, կարճ-կոնկրետ:
Սիրելի՛ կանայք, այս խնդիրը բոլորիս խնդիրն է՝ անկախ քաղաքական հայացքներից, կարգավիճակից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից: Խնդրում եմ իրար դեմ մի պայքարեք, իմ դեմ մի պայքարեք: Խնդրում եմ իրար մի հարվածեք և ինձ էլ մի հարվածեք, այս հարցում մի հարվածեք: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեզ, մեր երեխաներին, մեր ընտանիքները, մեր պետությունը, թույլ չտալով, որ բռնության մշակույթը խեղի կյանքեր, կործանի ճակատագրեր: Միասին բարձր ասենք՝ չենք հանդուրժում այլևս, կարճ-կոնկրետ»,-նշել է նա: