2018 թվականի հանրահավաքների օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը զանգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ 2018–ին թիկունք չկանգնեց Սերժ Սարգսյանին։
«Ինչո՞ւ եմ զանգել. ինձ տարբեր մարդիկ դիմում, ասում էին, թե ոնց որ վիճակը ձեռքից գնում է, բան չի անում։ Ես զանգեցի, ասացի՝ վիճակը ո՞նց ես գնահատում։ Խնդիրը ձնագնդի պես գնում է լրիվ այլ ուղղություն, կոնտրոլը կորցնելու եք։ Ինքը շատ հանգիստ ասեց` ոչ մի պրոբլեմ չկա, ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Ինձ դա զարմացրեց, ասացի՝ վստա՞հ ես։ Մի քանի օր հետո հրաժարական տվեց։ Սա այն է, ինչին ես մասնակից եմ եղել։ Ենթադրում եմ, որ իրավիճակի սխալ գնահատում է արվել»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, թե մինչ այդ զանգը, բավական երկար ժամանակ շփում չի ունեցել ՀՀ երրորդ նախագահի հետ։