Դատախազության այսօրվա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ հիմնական ֆիգուրանտի հարցաքննությունը եղել է հեռավար, ինչը օրենքի խախտում է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին։
«Մի կարևոր դրվագ, մատանին նվեր տալու հանգամանքը դուրս է եկել շրջանառությունից։ Դատախազը եկել էր Ազգային ժողով, ասում էր, որ Արամը Հովիկ Աղազարյանի ասելով 8 հազար դոլարանոց մատանի է գնել իր ընկերուհուն։ Հիամ Արամն ուղղակի ասում է, որ ես 800 դոլարանոց մատանի եմ տվել Աղազարյանին, որ ինքը նվիրի իր ընկերուհուն։ Նախ, թե ես ընկերուհուս կնվիրեմ, թե ում կնվիրեմ, քո ի՞նչ գործն է, երկրորդը՝ չէր լինի՞, դու փողը տայիր, ես մատանին առնեի, խի՞ ես մատանի առել»,–ասաց նա՝ հավելելով, որ միայն այդ դրվագն է փոփոխվել, մնացած մասով դատախազության տարածած տեսանյութում նորություն չկա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործը դատարանում է։
Դատարան գնացած գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և 23 հազար դոլար՝ դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար: