Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «ՄԻԹ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350 հազար կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900 հազար կգ խոզի ճարպ՝ Իտալիայից և 300 հազար կգ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։