Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախորդ գիշեր աննախադեպ գողություն է արձանագրվել ՔԿ-ում։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։
Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Մեզ հասած տեղեկություններով՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ ՀԿԿ-ում հարուցվել է վարույթ։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ և ՀԿԿ՝ դեպքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն ստանալու, տեղեկությունը ճշտելու համար, բայց պատասխան դեռևս չի ստացվել։
Դատախազությունից խոստացել են տեղեկությունը ճշտել։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է «Փաստինֆո»-ի տեղեկությունները՝ ՔԿ-ից 590 000 ԱՄՆ դոլարի չափով գողությամ դեպքի վերաբերյալ։
«ՀՀ քննչական կոմիտեից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 446–րդ հոդվածի 2–րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 254–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ և 4–րդ կետերի հատկանիշներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Քրեական վարույթով նախաքննության ընթացքում ձերբակալվել է մեկ անձ։ Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել և իրականացվում են լայնածավալ օպերատիվ–հետախուզական և ապացուցողական գործողություններ։
Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում։