news-details
Հասարակություն

Երևանում պարեկները ձերբակալել են սրբիչը որպես դիմակ օգտագործած տղային. նա նախապատրաստվել էր մի քանի ավտոմեքենա թալանել

Այսօր՝ մայիսի 27-ին, Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները  Նորք Մարաշ 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում նկատել են դիմակավորված մի քաղաքացու։ Պարեկները, երբ փորձել են մոտենալ այդ քաղաքացուն, վերջինս նրանց տեսնելով դիմել է փախուստի։ Մոտ 800 մետր պարեկները հետապնդել են կանաչ գույնի սրբիչից հարմարեցված դիմակով դիմակավորվածին ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին։ 

 

Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը, որի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնվածը Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Կարեն Թ․-ն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը փորձել է նշված վայրից մի քանի ավտոմեքենաներ թալանել։

Նրա մոտ հայտնաբերվել են ռեզինե ձեռնոցներ, զիպ փականով ընդհանուր 1.05 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված և ավտոմեքենաներ ու ավտոտնակներ բացելու համար հարմարեցված հատուկ գործիքներ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք, ինչպես նաև կասկածյալը և իրեղեն ապացույցները ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/05/27/1284237