Armlur.am-ը գրում է․
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած աղմկոտ միջադեպին, որի ականատեսն անձամբ նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, կարծես թե, իրավական հետևանքներ չի ունենալու:
ArmLur.am-ը հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք միջադեպի վերաբերյալ հաղորդում ներկայացվել է, և գործում է կա՞, արդյոք, քրեական վարույթ։
Պատասխանը հակիրճ էր՝
«Գլխավոր դատախազությունում քրեական վարույթի առկայության վերաբերյալ տեղեկություն առկա չէ»։
Հարցին՝ հաշվի առնելով բարերար Սամվել Կարապետյանի վերաբերյալ հաղորդման նախադեպը, երբ Աննա Վարդապետյանն անձամբ էր հաղորդում ներկայացրել, հուլիսի 8-ի դեպքով ևս ներկայացրել է հաղորդում, դատախազությունից այս մասին հարցին ի պատասխան ArmLur.am-ին արձագանքել են.
«Օրենքով նախատեսված կարգով, «168.am» և «Aravot.daily» կայքերում տեղ գտած հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել են Քննչական կոմիտեի նախագահին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով»։
Ստացվում է՝ մամուլի հրապարակումների հիման վրա դատախազությունը պատրաստ է գործեր փոխանցել քննչական մարմիններին, իսկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին՝ որին ինքը՝ գլխավոր դատախազը, հոտընկայս հետևում էր, որևէ ընթացք չի տրվում։
Սա ևս մեկ անգամ վկայում է՝ Հայաստանում օրենքի առաջ հավասարությունը դեռևս ընտրողական բնույթ ունի։ Երբ խոսքը վերաբերում է քաղաքական հնչեղություն ունեցող գործերին, դատախազությունն ակտիվանում է, իսկ երբ միջադեպը վերաբերելի է իշխանության ներկայացուցիչներին, անգամ հրապարակային վայրում՝ ներկայացուցչական թիվ մեկ մարմնում, արձագանքը՝ «տեղեկություն առկա չէ»։